Հյուրանոցների կառավարման բիզնեսի զարգացումը կարևոր է երկրի տնտեսական, զբոսաշրջային ու միջազգային վարկանիշի առումով։ Այդ նպատակով Տուրիզմի հայկական ֆեդերացիան Հայաստան է հրավիրել գերմանական ավագ խորհրդատուների ծառայության միջազգային բարձր որակավորում ունեցող փորձագետ Հարթմութ Փըրլին՝ մեր հյուրանոցների կառավարիչներին ներկայացնելու եվրոպական առաջավոր փորձն ու համաշխարհային միտումները։ Երբ որ մենք փորձագետ ենք հրավիրում արտերկրից՝ Եվրոպայից և այլն, հատկապես դա մենք նշում ենք, որ չկարծեք, թե մենք զրոյական մակարդակի վրա ենք։ Մենք բավականին լավ մակարդակի վրա ենք և փորձագետ հրավիրում ենք ոչ թե, որ մեզ զրոյից սովորեցնեն, այլ որ նպաստեն մեր կարողությունների, գիտելիքների զարգացմանը, կատարելագործմանը և այսօրվա միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։

Սա փորձագետի առաջին այցն է Հայաստան։ Ասում է՝ ընկերասեր, ջերմ ու հյուրընկալ մարդիկ են հայերը։ Մինչ այստեղ գալը ուսումնասիրել է Հայաստանի հյուրանոցային համակարգն ու շուկայի առանձնահատկությունները։

Մենք նախ գնահատեցինք Հայաստանի զբոսաշրջության ոլորտը, մասնավորապես՝ Երևանում, ապա քննարկեցինք հյուրընկալության խնդիրները, հետո խոսեցինք վաճառքի մարկետինգից, որակի ստանդարտներից, բյուջետավորումից և վերջում՝ կլիմայի փոփոխությունից, կայունության և զբոսաշրջային սեզոնայնության տեսանկյունից։

Հայաստանը մրցունակ է հյուրանոցային ոլորտում նաև տարածաշրջանից դուրս։ Իհարկե, այդ առաջընթացի հետ մեկտեղ կան լուրջ մարտահրավերներ։ Հետևաբար սովորելու և զարգանալու տեղ միշտ կա, ասում են ոլորտի կառավարիչները։

Սեսիան անցնում է հետաքրքիր։ Իհարկե, կան պարզ գիտելիքներ մեզ համար, և նաև նորություններ կամ կարելի է ասել՝ խորամանկություններ, որոնց մենք, ցավոք, դեռ չէինք տիրապետում, բայց կարող ենք կիրառել ի նպաստ տուրիզմի ոլորտի զարգացմանը Հայաստանում։ Դասընթացի մասնակիցները հիմնականում հյուրանոցների մենեջերներն են։ Կան մասնակիցներ նաև Իրանից։ Սառան՝ ղեկավարելով հարևան երկրի ամենաբարձրահարկ հյուրանոցը, ասում է՝ փորձագետի այցի մասին իմանալուն պես Հայաստան է շտապել։

Մենք կարիք ունենք անդադար սովորելու։ Այնպես որ զբոսաշրջության, հյուրանոցների կառավարման ոլորտի մարտահրավերներին նվիրված այս սեմինարը շատ պրակտիկ ու արդյունավետ է։ Հուսով եմ, որ այն շարունակական կլինի և մի օր էլ իմ երկրում կանցկացվի։ Հարթմութ Փըրլը երեք շաբաթով է Հայաստանում։ Երևանի հնգօրյա վերապատրաստման դասերից հետո կմեկնի Ջերմուկ՝ Վայոց ձորում գործող հյուրանոցային կառավարիչների համար հատուկ դասընթացով։

Ծաղկանուշ Միրզոյան, Ռոմիկ Խաչատրյան
Լուրեր

Աղբյուրը՝  https://www.youtube.com/watch?v=tzPuZCUgDUc