Հայաստանի զբոսաշրջային որոշ կենտրոններ լուրջ մարտահրավերների առաջ են կանգնել. Մեխակ Ապրեսյան

Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով զբոսաշրջության ոլորտը լուրջ խնդիրների առաջ է կանգնել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ որոշ զբոսաշրջային կենտրոններ ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորված են եղել: Թեպետ սահմանին այսօր համեմատաբար հանգիստ է, միևնույն է այդ զբոսաշրջային կենտրոնները չեն գործում:

«Ջերմուկը, որը ՀՀ կառավարության կողմից հայտարարված զբոսաշրջության կենտրոններից մեկն է, այսօր ծանր կացության մեջ է: Այդ վիճակում են նաև մյուս համայնքները, որոնք թիրախավորված են եղել: Ինչպես գիտենք, շատ ենթակառուցվածքներ ֆիզիկապես վնասվել են, դրանից բացի այսօր այնտեղ զբոսաշրջային այցելություններ չկան: Ջերմուկի առողջարանները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող այլ հաստատություններ այսօր չեն գործում»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Մասնագետի խոսքով, այս և նման այլ զբոսաշրջային կենտրոնները կանգնած են այնպիսի խնդրի առաջ, որ կարող են կորցնել այդ գործունեությունը, աշխատատեղերը: Եթե ոլորտի աշխատողները երկար գործազուրկ մնան ու փորձեն այլ ոլորտներում գործ գտնել, ապա շատ շուտով մասնագետների կորուստ կլինի: Հետո այդ բացը լրացնելը շատ դժվար կլինի:

Մեխակ Ապրեսյանն առաջարկում է պետությունն ու մասնավոր հատվածը միասին քննարկեն՝ հասկանալու համար, թե այդ տուժած վայրերում ինչպես կարելի է զբոսաշրջությունը պահպանել, այդ ուղղությամբ միջոցառումների ծրագիր մշակել:

Սահմանային լարվածության հետևանքով նաև զբոսաշրջային տուր առաջարկող ընկերություններն են վերանայել իրենց աշխատանքը՝ փոփոխություններ կատարելով տուրփաթեթների կառուցվածքում:

«Այս շրջանում նաև որոշակի փոփոխություններ են նկատվում ներգնա ուղղությամբ: Մասնավորապես, ինչպես տեսանք Ռուսաստանում մոբիլիզացիայով պայմանավորված մեծ հոսք եղավ դեպի Հայաստան: Դա մի կողմից լավ է, մեծ թվով քաղաքացիներ են գալիս, սակայն մյուս կողմից տոմսերի թանկացում եղավ, ինչը հետ պահեց իրականում զբոսաշրջային նպատակով եկողներին»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Մասնագետը նկատեց, որ դեռ 2020 թվականից է զբոսաշրջության ոլորտը հարվածներ ստանում, սկզբում համավարակն էր, հետո 44-օրյա պատերազմը: Դրանից հետո մեծ ջանքեր գործադրվեցին ոլորտը վերականգնելու, աշխուժացնելու ուղղությամբ, ինչը հաջողվել էր: 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 1 մլն-ից ավելի զբոսաշրջիկ է եկել Հայաստան: Այս ցուցանիշով երկիրը կամաց-կամաց մոտենում է 2019 թվականի տվյալներին: Ընդհանուր տեմպը պահպանելու համար Մեխակ Ապրեսյանն առաջարկում է պետություն-մասնավոր հատված ակտիվ աշխատանք տարբեր ուղղություններով՝ իրավիճակի գնահատում, ճկուն արձագանք, աշխատանքի վերակազմակերպում, աջակցման ծրագրերի մշակում և այլն: