2022-ին Հայաստան է եկել 1.54 մլն զբոսաշրջիկ. Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրեց իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն ամփոփեց 2022 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները և ներկայացրեց 2023 թվականին նախատեսվող աշխատանքներն ու ծրագրերը:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև նոր՝ Armenia.travel կայքի շնորհանդեսը, որտեղ ներկայացված է լինելու Հայաստանի զբոսաշրջային ոլորտի մասին ամբողջական և հետաքրքիր տեղեկատվություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պողոսյանը նշեց, որ կայքը ստեղծվել է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։ Նա ընդգծեց, որ այս տարի Հայաստան է եկել 1 մլն 540 հազար զբոսաշրջիկ։
«Կորոնավիրուսից հետո ՀՀ այցերի թիվը վերականգնվում է։ Հույս ունենք, որ տարին կավարտենք 1 մլն 600-700 հազար այցերով և կմոտենանք 2018-ի ցուցանիշներին։ Ամենաշատը Ռուսաստանից են Հայաստան եկել` զբոսաշրջիկների 47 տոկոսը ՌԴ–ից են։ Դրան հաջորդում են Վրաստանից, Իրանից, ԱՄՆ–ից, Գերմանիայից եկողները»,–ասաց Պողոսյանը։ Նա հիշեցրեց, որ իրենք արդեն նոր բրենդ ունեն` «Հայաստանը` որպես թաքնված ուղի», որը ներկայացնում են բոլոր միջոցառումներին և միջազգային էքսպոներին։
Բացի այդ, Համաշխարհային բանկի հետ իրականացրել են մի շարք միջոցառումներ և կշարունակեն հաջորդ տարի էլ կյանքի կոչել դրանք։
Պողոսյանը վստահեցրեց, որ շատ մեծ ծավալի աշխատանք են կատարել, որպեսզի կարողանան ՀՀ–ն (4 ուղղությամբ` բնություն, արկածային մշակույթ, խոհանոց և գինի) ճիշտ ներկայացնել միջազգային շուկայում։ Այս տարի նաև իրականացրել են ճանաչողական այցեր, Հայաստան են այցելել ԱՄՆ–ից, Վրաստանից, Դուբայից, Բելառուսից և Գերմանիայից։ Բացի այդ, բազմաթիվ հոդվածներ են տպվել ՀՀ–ի մասին։
Ինչ վերաբերում է հաջորդ տարվա անելիքներին՝ Պողոսյանը նշեց, որ նախատեսում են իրենց նոր կայքը, որը միայն անգլերենով է, մյուս տարի ներկայացնեն ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն լերզուներով։ Միաժամանակ, ավիաընկերությունների հետ են աշխատում, որպեսզի կարողանան Հայաստանը գովազդել։
Դեկտեմբերին անցկացված «Մանկական Եվրատեսիլ–2022»–ի համար ՀՀ եկած զբոսաշրջիկների թիվը նույնպես փոքր չէ, սակայն այդ տվյալները, Պողոսյանի խոսքով, վերջնական կունենան հունվարին։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդգծեց, որ այս տարվա ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի թիմի իրականացրած աշխատանքի արդյունքում ունեցել են նշանակալի արդյունքներ:
«Այդ ձեռքբերումներից կցանկանայի մատնանշել Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդի ստեղծումը և միջազգային հարթակներում այն ներկայացնելը: Հայաստանը իսկապես ունի զբոսաշրջային մեծ ներուժ՝ իր եզակի պատմամշակութային ժառանգության, չբացահայտված հետաքրքիր վայրերով, յուրահատուկ խոհանոցով և զբոսաշրջային այլ ուղղություններով, որոնք էլ ավելի տեսանելի և ներկայանալի կդառնան նոր կայքի գործարկման շնորհիվ»,-ասաց Քերոբյանը:
Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը նշեց, որ այս պահին ունեն օրենքի նոր նախագիծ, որը ստեղծվել է համապատասխան գերատեսչությունների հետ և արդեն ներկայացվել է վարչապետի աշխատակազմ:
«Օրենքում հիմնական փոփոխությունները կարգավորումների դաշտն է, համպատասխան տնտեսվարողներին բերում ենք կարգավորումների դաշտ ծանուցման մասին օրենքով: Ըստ օրենքի, նաև ներդնելու ենք որակավորման գործընթացներ: Լինելու է պարտադիր որակավորում զբոսավարների և ուղեկցորդների համար, ինչպես նաև կամավոր որակավորում հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջային ավտոբուսների համար: Սրանք այն հիմնական փոփոխություններն են որոնք, ընդգրկվել են մեր ներկա օրենքի նախագծում, որը ընթացքի մեջ կլինի հաջորդ տարվա ընթացքում»,-ասաց Սուսաննա Հակոբյանը:
Զբոսաշրջության կոմիտեն նաև շնորհակալագրեր հանձնեց 2022 թվականի ընթացքում Կոմիտեին էական աջակցություն ցուցաբերած մի շարք գործընկերների։
Վերջին նորություններ
Մեզ խնդրում են «կարմիր գոտի» համարվող Սյունիքը, Վայոց Ձորը, Տավուշն ու Գեղարքունիքը հանել զբոսաշրջային ուղղությունների ցանկից. Մեխակ Ապրեսյան
04.09.2023
Հայաստանի զբոսաշրջային որոշ կենտրոններ լուրջ մարտահրավերների առաջ են կանգնել. Մեխակ Ապրեսյան
16.12.2022
Վերջին երեք տարիների ընթացքում առաջին անգամ դեպի Հայաստան զբոսաշրջիկների ներհոսքը նոյեմբերին գերազանցել է 2019 թվականի նույն ամսվա ցուցանիշը
15.12.2022