Այսօր աշխարհը վերածվել է ահռելի մարտի դաշտի. թնդանոթների և անօդաչու սարքերի դղրդյունն է լսվում բոլոր կողմերից։ Մարդկային կյանքն այլևս արժեք չէ շատերի աչքում։ Ամեն օր տասնյակ անմեղ կյանքեր են մարում միայն այն պատճառով, որ պատկանում են այս կամ այն ազգությանը, կրոնին կամ մշակութային խմբին։ Բայց կա մի ժողովուրդ, որն իր պայքարը տանում է ոչ թե զենքով, այլ բարեկամությամբ, ոչ թե ավերելով, այլ ստեղծելով։ Դա մեր ժողովուրդն է:
Հայ ժողովուրդը, որն ի սկզբանե արարող է եղել, այսօր էլ շարունակում է արարել։ Մեր պայքարի դաշտը մշակույթը ու գիտությունն և ինչու ոչ մեր ազգային խոհանոցն է, մեր զենքը՝ բարին, հյուրընկալությունն ու խաղաղ համակեցության ձգտումը։ Մենք հավատում ենք, որ մշակույթն ամենահզոր զենքն է, իսկ ազգային ինքնությունը՝ հպարտության առիթ, այլ ոչ հակասության պատճառ։
Հենց այդ գաղափարի հիման վրա, հունիսի 14-ին Արզնիում անցկացվեց Հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային-խոհանոցային առաջին փառատոնը՝ «Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» խորագրով։ Փառատոնը կազմակերպել էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն, Տուրիզմի հայկական ֆեդերացիան, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն, ՝ Կոտայքի մարզպետարանի և Արզնիի համայնքապետարանի աջակցությամբ։
Փառատոնի գլխավոր խորհրդանիշն էր մեր ազգային ղափամանը, որ խորհրդանշում է մեր երկրագունդն ու նրա բազմազան բնակչությունը՝ միասնության, համերաշխության և խաղաղության պատկերով։
Այս փառատոնը ոչ միայն միջոցառում էր, այլ խաղաղության ուղերձ՝ ուղարկված մի աշխարհին, որն այսօր այդքան կարիք ունի ներդաշնակության։ Այն կդառնա ավանդական, որպեսզի հիշեցնի բոլորիս՝ իսկական ուժը ոչ թե զենքում է, այլ հոգում, ոչ թե պառակտման մեջ, այլ միասնության մեջ։
Փառատոնին մասնակցեցին Հայաստանի ասորեական, ռուսական,վրացական, ուկրաինական, հունական, գերմանական, եզդիական,համայնքների ներկայացուցիչները,ինչպես նաև արցախցիները,Հայաստանի տարբեր մարզերի ներկայացուցիչները, որոնք ներկայացրեցին իրենց խոհանոցը,ոմանք էլ մշակույթը: Կազմակերպվել էր նաև խոհարարական մրցույթ, ուր գլխավոր մրցանակին արժանացավ Հունական համայնքը և ինձ էլ պատիվ ընձեռնվեց հանձնել հաղթողներին գլխավոր մրցանակն ու ոսկե մեդալը: