Տավուշի գինու օր

Տավուշի գինու օր

  • September 4, 2021
  • 3:00 pm to 10:30 pm
  • Տավուշի մարզ, ք. Իջևան
Գինուն նվիրված հայաստանյան և միջազգային տոների շարքում իր առանձնահատուկ տեղն ունի «Երևանի Գինու Օրերը»։ «Տավուշի Գինու Օր» միջոցառմամբ մենք ցանկանում ենք «Երևանի Գինու Օրեր» միջոցառման փորձն ու հաջողությունը կրկնօրինակել Տավուշի մարզում։ Այն ևս կարող է դառնալ Հայաստանի իրադարձային զբոսաշրջության հաջորդ ամենավառ միջոցառումներից մեկը՝ ամրապնդվելով միջազգային իրադարձային զբոսաշրջության շուկայում։
«Տավուշի Գինու Օր» միջոցառումը նախատեսվում է անց կացնել յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը։ Վերջինս տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, Տավուշի մարզի մեծ քաղաքներից մեկում, ամենայն հավանականությամբ Դիլիջանում կամ Իջևանում, ժամը 15:00-22:30։ Ամեն տարի ընտրվելու է Տավուշի մարզի տարբեր բնակավայրեր։
Միջոցառման նպատակն է խթանել գինու զբոսաշրջությունը Հայաստանում՝ հատկապես համայնքներում, և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը:
Տարածքը բաժանված է լինելու մի քանի գոտիների՝
-Գինու և գաստրո գոտում տեղակայված են լինելու հայաստանյան և արցախյան գինի արտադրողները, այդ թվում նաև տավուշյան տնայնական գինիները, հիմնականում տավուշյան ռեստորանները, սրճարանները։
-Արվեստի գոտում ներկայացված են լինելու տավուշյան թանգարանները, արվեստի ցուցասրահները և արվեստագետներն իրենց աշխատանքներով՝ ժամանակակից արվեստ, լուսանկարչություն, քանդակարգործություն և այլն։ Ստացվելու է արվեստի ցուցահանդես բաց երկնքի տակ։
– «Տավուշի Զբոսաշրջային Ներուժը» գոտում տեղակայված են լինելու հայաստանյան բոլոր այն զբոսաշրջային ընկերությունները, տեղեկատվական կենտրոնները, անհատ-զբոսավարները, արշավականները, որոնք առաջարկում են ցանկացած տեսակի տուրեր դեպի Տավուշի մարզ կամ տրամադրում են այդպիսի տեղեկատվություն։
-Մանկական գոտում տեղադրված է լինելու փոքր բեմ, որտեղ տավուշյան թատրոնների, մշակութային տների և այլ կրթական կազմակերպությունների սաները ցուցադրելու են մանկական մոնո ներկայացումներ։ Այս գոտին կից կլինի որևէ հանգստի գոտու, որպեսզի փոքրիկ այցելուները և ուղեկցողները նստեն և վայելեն ներկայացումը։ Այս գոտին գործելու է 15։00-19։00։
Տավուշի գինու օրը, գինու սիրահար զբոսաշրջիկներն ու տեղացիներն ունեն ընտրության լայն հնարավորություն ըմպել հայկական էնդեմիկ սորտերից պատրաստված լավագույն գինիները, ըմբոշխնել սպիտակ, կարմիր և ռոզե գինիների ամբողջ համային սպեկտրը՝ զուգակցելով դրանք իրենց նախընտրած հայկական համեղ ուտեստներով, պանրի լայն տեսականիով և/կամ համաշխարհային խոհանոցի այլ խորտիկներով:
Միջոցառման մուտքն ազատ է բոլորի համար, սակայն ներկայացված գինիներից օգտվելու համար հարկավոր է ձեռք բերել հատուկ «Գինին Վայելելու Փաթեթ»` 5000 դրամ արժողությամբ:
Փաթեթը բաղկացած է․
✔1 ապակե բաժակից՝ մեր ապրանքանշի գունավոր տպագրությամբ,
✔1 կտորե պատյանից՝ մեր ապրանքանշի տպագրությամբ,
✔12 կտրոնից և քարտեզ-թռուցիկից:
Բացի փաթեթներից, առանձին վաճառվելու են լոգոյով բաժակներ՝ 1500դրամ, և 6-ական կտրոն ներառող թերթիկներ ՝ 1500դրամ արժողությամբ: