Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և Պահպանման ՀԿ-ն Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի հետ մի նոր նախաձեռնությամբ հանդես եկավ։

2025 թ. հունիսի 14-ին ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքում  «Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» Հայ և Ազգային փոքրամասնությունների մշակութային խոհանոցային փառատոնը ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ և ՀՀ Վարչապետի աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի, ՀՀ Կոտայքի մարզպետարանի ու Արզնի համայնքի հետ համագործակցությամբ հաջողվեց։

Փառատոնին ներկայացվեց հայկական և ազգային փոքրամասնությունների մշակույթը՝ ներառյալ խոհանոցը, երաժշտությունը, երգն ու պարն իրենց ընդհանրություններով և առանձնահատկություններով։ Ազգային փոքրամասնություններից փառատոնին մասնակցեցին ասորական, եզդիական, ուկրաինական, գերմանական, վրացական, հունական և ռուսական (ի դեմս մոլոկանների) համայնքները։

Փառատոնը բացվեց հայկական ավանդական Ղափամայի ներկայացմամբ ու մատուցմամբ՝ խաղաղության, ժողովուրդների համերաշխության և բարեկամության ուղերձ հղելով աշխարհին։

Կազմակերպվեց նաև խոհարարական մրցույթ մասնակից թիմերի միջև, շնորհվեցին մրցանակներ, ինչպես նաև շնորհակալագրեր աջակիցներին ու գործընկերներին։

Փառատոնը նպաստեց և նպաստելու է հայ և ազգային փոքրամասնությունների մշակությաին ժառանգության պահպանությանը, զարգացմանն ու խթանմանը, մշակությաին բազմազանությանն ու միջմշակութային երկխոսությանը, նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորմանն ու համաշխարհային շուկայում պատշաճ ներկայացմանն ու խթանմանը, հյուրընկալող ու շրջակա համայնքների տնտեսական ու մշակութային ներուժի  բացահայտմանը, զարգացմանն ու խթանմանը, զբոսաշրջության ապակենտրոնացմանը դեպի հանրապետության մարզեր և համայնքներ, Հայաստանի կայուն և համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը։

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեին, ՀՀ վարչապետի աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնին, ՀՀ Կոտայքի մարզպետարանին, Արզնի համայնքին ու համայնքապետարանին․ ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովին, ՀՀ վարչապետի օգնական  Արսեն Միխայլովին, փառատոնին մասնակցած ազգային փոքրամասնությունների համայնքներին՝ աջակցության և համագործակցության համար։