Տուրիզմի հայկական ֆեդերացիայի տարեկան ամփոփիչ ժողովը Սյունիքի մարզում

Տուրիզմի հայկական ֆեդերացիան իր տարեկան ամփոփիչ ընդհանուր ժողովը գումարեց Սյունիքի մարզի Գորիս համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 11-ին։
Ընդհանուր ժողովը և ոլորտային քննարկում-աշխատաժողովը կազմակերպվել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ (ՌԶԳ) համագործակցությամբ և աջակցությամբ RECONOMY «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում:
Աշխատաժողովին մասնակցում էին Ֆեդերացիայի անդամ ընկերություններ և հասարակական միավորումներ։ Ժողովին մասնակցում էին նաև Ֆեդերացիայի անդամներ Արցախի Հանրապետությունից։
Աշխատաժողովին իրենց մասնակցությամբ պատվել էին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արթուր Խաչատրյանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը, Գորիս համայնքի զբոսաշրջության գծով պատասխանատու բաժնի պետ Արմինե Հովակիմյանը և Սյունիքի մարզպետի օգնական Արա Ներսեսյանը։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին ոլորտում առկա մարտահրավերներն ու խնդիրները, ներկայացվեց ՌԶԳ-ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում համատեղ իրականացված հաջողված ծրագրերի արդյունքները, ինչպես նաև ներկայացվեց ամփոփ հաշվետվություն Ֆեդերացիայի գործունեության վերաբերյալ։
Կարևորվեց ինստիտուցիոնալ բարեփոխումների, առավել ակտիվ ու արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացման, Արցախում և ՀՀ մարզերում, այդ թվում՝ Սյունիքում կայուն, անխափան և առավել ակտիվ զբոսաշրջության ապահովման անհրաժեշտությունը։
Զբոսաշրջության կոմիտեի հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն առաջիկայում կազմակերպել աշխատաժողով Արցախում։ Քննարկվեց և նշվեց նաև Թթի փառատոնի կազմակերպման անհրաժեշտությունը Սյունիքում և Արցախում, Գինու և Air Fest փառատոնների վերականգնումը Արցախում։
Ժողովի վերջում ընտրվեցին Ֆեդերացիայի կառավարման մարմինները։