«Հայաստանում զբոսաշրջության ոլորտին վերաբերող կրթական նոր ծրագիր է մեկնարկում»

Տնտեսական ճգնաժամը հնարավորություն է ստեղծում զբոսաշրջային ոլորտը վերականգնելու համար, այս ժամանակաշրջանը, ըստ մասնագետների, հնարավորություն է տալիս ոլորտի մարքեթինգը վերանայելու, նորովի ներկայանալու աշխարհին եւ համաշխարհային պահանջարկին համահունչ նոր մասնագետներ պատրաստելու։ Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով զբոսաշրջությունը ամենաշատ տուժած ոլորտն է Հայաստանում, եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այն նորից վերականգնվի, եւ անհրաժեշտ է թույլ չտալ, որ Հայաստանը ներառվի այցելելու համար խորհուրդ չտրվող երկրների ցանկում։ Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Նրա ներկայացմամբ՝ դրա համար Հայաստանը մի քանի գործիքներ կարող է կիրառել՝ դիվանագիտական խողովակներով եւ Սփյուռքի օգնությամբ տարածի տեղեկություններ Հայաստանի ապահով ու հետաքրքիր լինելու մասին։ Ասուլիսի մեկ այլ բանախոս, հյուրանոցների եւ հյուրընկալության կառավարման վկայագիր շնորհող ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանն էլ ներկայացրեց Ամերիկյան համալսարանի մշակած նոր կրթական ծրագիրը, որը ֆինանսավորել է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամը։

Տիկին Զեյթունցյանը նշեց՝ սովորաբար, երբ որեւէ ոլորտ անկում է գրանցում, մասնագետները վերաորակավորվում են, իսկ երբ տվյալ ոլորտը կրկին սկսում է զարգանալ, արդեն կադրերի խնդիր է առաջանում։ Եվ նաեւ սա հաշվի առնելով Ամերիկյան համալսարանը մշակել է զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագիրը։ «Ճիշտ քաղաքականության դեպքում, ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, զբոսաշրջութան ոլորտը կարող է մի քանի տարում վերականգնվել»,-ասաց տիկին Զեյթունցանը։ Ամերիկյան համալսարանի մշակած ծրագիրը, ըստ Զարմինե Զեյթունցյանի, մեկ տարվա կրթական ծրագիր է, որի նախապատրաստական փուլին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք աշխատում են ոլորտում, բայց չեն ունեցել կոնկրետ ակադեմիական կրթություն։ Այս դասընթացի առաջին փուլում սովորեցնելու են հաշվապահություն, անգլերեն, հաղորդակցություն, մաթեմատիկա, որից հետո մասնակիցները կսկսեն ուսումնասիրել գործառնական կառավարման ծրագիրը՝ հյուրընկալության գնագոյացում եւ վաճառքներ, հյուրընկալության մարքեթինգ, կորպորատիվ հաղորդակցություն եւ ռազմավարական ֆինանսների պլանավորում։ Ուսանողների համար ուսման վարձի մինչեւ 90%-ը կսուբսիդավորի «Մանուկյան Սիմոն» հիմնադրամը։ Տիկին Զեյթունցյանը, հղում անելով «Խոցելի երկրների ինդեքս» կայքին, նշեց՝ ՀՀ-ն մինչ պատերազմը ապաահով եւ կայուն երկրների ցանկում էր, պատերազմի հետեւանքով մեր երկրի ինդեքսը իջեցվել է մեկ աստիճանով եւ ներառվել, այսպես կոչված, «զգուշացում» կարգավիճակում։ «Այս կայքի տվյալներից օգտվում են զբոսաշրջիկներն ու ոլորտի կազմակերպությունները, տվյալներն օգտագործում է համաշխարհային տնտեսական ֆորումը, խորհրդակցական կազմակերպությունները։ Մինչեւ պատերազմը Հայաստանն այս ինդեքսում առաջ է եղել մեր հարեւան երկրներից, նույնիսկ Գերմանիայից՝ որպես ապահով երկիր։ Այսօր էլ Հայաստանն այդ ինդեքսում ավելի բարձր է, քան Ադրբեջանը եւ Վրաստանը»,-ասաց տիկին Զեյթունցյանը։ Նա նշեց՝ Հայաստանը նորից զբոսաշրջիկներին հետաքրքիր դարձնելու բանալին երկրի իմիջը նորովի ներկայացնելն է, մենք աշխարհին պետք է շատ արագ ներկայանանք նոր բովանդակությամբ եւ փոխենք ընկալումները։ Տիկին Զեյթունցյանը բերեց աշխարհի օրինակը, երբ պատերազմով անցած եւ նույնիսկ ահաբեկչական հարձակումների ենթարկված երկրները կարողացել են վերականգնել զբոսաշրջության ոլորտը․ «Բանալին եղել է լուրջ մարքեթինգային քաղաքականությունը, նոր բրենդը»։ Տիկին Զեյթունցյանն ասաց, որ մենք աշխարհին կարող ենք ներկայանալ որպես թեկուզ փոքր, բայց հարուստ պատմամշակութային ժառանգությամբ։ Վրաստանն, օրինակ, 2008 թվականի պատերազմից հետո հաղթահարեց զբոսաշրջության ոլորտի ճգնաժամը, այդ երկիրը, ըստ տիկին Զեյթունցյանի, հրավիրեց աշխարհի լավագույն մասնագետներին, լավագույն PR կազմակերպությանը, որի աջակցությամբ էլ ոլորտը վերականգնեց։ «Զբոսաշրջությունը մակերեսային գործունեություն չէ, զբոսաշրջությունը շորտիկով եւ մայկայով, ապարատը ձեռքին անհայտ մարդը չէ, դա լուրջ մշակութային, տնտեսական եւ սոցիալական ազդեցություն ունեցող ոլորտ է։ Եվ ունենալով թերի կառույց, թերի ֆինանսավորում, անհնար է միայն խանդավառության շնորհիվ հասնել արդյունքի։ Պետական մակարդակով հարկավոր է քաղաքական կամք եւ ներդրում։ Եթե աշխարհում 4 դոլար է մեկ զբոսաշրջիկին ընկնող մարքեթինգի գումար, ապա Հայաստանում 16 ցենտ էր 2017 թվականին։ Ես նույնիսկ չեմ խոսում այն գումարների մասին, որը Հայաստանում տրամադրվում է զբոսաշրջության զարգացման համար՝ համեմատած հարեւան երկրների հետ։ Սա խնդիր է»,-ասաց Զարմինե Զեյթունցյանը։

YouTube video