«Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության կատալիզատորներից մեկն է և առանց այդ ոլորտի` խնդիրներն ընդհանուր առմամբ լուծելն անհնար է»,-Մեխակ Ապրեսյան

Հայաստանն աշխարհին ու զբոսաշրջիկներին պետք է ներկայացվի նոր կողմից, բոլորովին այլ լույսի ներքո։ Նախկին մոտեցումները, հատկապես կորոնավիրուսի համավարակից ու արցախյան պատերազմից հետո, այլևս ակտուալ չեն։ Դրանում համոզված են զբոսաշրջային ոլորտի գրեթե բոլոր ներկայացուցիչները։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը համոզված է, որ անհրաժեշտ է ամբողջությամբ փոխել զբոսաշրջային ոլորտը` հարմարեցնելով այն ընթացիկ իրողություններին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանի իմիջը համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա պետք է ամբողջությամբ փոխվի։

«Մենք պետք է ցանկացած հնարավորություն, իրավիճակ օգտագործենք ի շահ մեր երկրի։ Հայաստանը պետք է ցույց տա աշխարհին, որ չի պարտվել պատերազմում, այլ կռվել է անհավասար մարտում։ Դա արդեն փոխում է իրողությունը», – ասաց Ապրեսյանը։

Բացի այդ, նա կարծում է, որ Երևանը պետք է օգտվի տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակումից, այդ թվում` ի շահ զբոսաշրջային ոլորտի։

Ապրեսյանը հիշեցրեց, որ զբոսաշրջային ոլորտը Հայաստանի տնտեսության կատալիզատորն է։ Միայն 2019 թվականին 1 մլն 894 հազար զբոսաշրջային այցելությունից համախառն եկամուտը 1.5 մլրդ դոլար է կազմել, որից բյուջե մոտ 300 մլն դոլար մաքուր եկամուտ է մտել։

Ի՞նչ է պետք փոխել
Ապրեսյանը նշեց, որ ոլորտում շատ բան փոխելու կարիք կա։ Նախևառաջ պետք է սկսել պետբյուջեից ոլորտի, նրա մարքեթինգի ու խթանման համար հատկացվող միջոցների ավելացումից։ Այսօր անհրաժեշտ է ակտիվորեն օգտագործել դիվանագիտական լծակները և համախմբել սփյուռքի ներուժը հատկապես Հայաստանի համար առաջնահերթ ուղղություններում։

Այս համատեքստում նա կարծում է, որ Հայաստանի իշխանություններն առաջին հերթին պետք է սկսեն բանակցել հատկապես հարևան Վրաստանի և Իրանի հետ ցամաքային սահմանները բացելու մասին։ Բանն այն է, որ փակ ճանապարհները խանգարում են, այդ թվում` նաև տարածաշրջանային զբոսաշրջության մշակմանն ու զարգացմանը։ Նա համոզված է, որ Երևանը պետք է բացատրի հարևաններին, որ դրանից ոչ միայն ինքն է կորցնում, այլև նրանք։

«Մենք պետք է սեղմ ժամկետներում դուրս գանք զբոսաշրջային այցելությունների համար անցանկալի երկրների ցանկից, վերականգնենք այցելությունների այն ռեժիմը, որը կար տարբեր երկրների հետ համավարակից առաջ։ Հիշեցնեմ, որ մեզ մոտ այն ժամանակ աշխարհի ավելի քան 60 երկրների հետ առանց վիզայի ռեժիմ էր գործում», – ասաց Ապրեսյանը։

Սրա հետ մեկտեղ անհրաժեշտ է ընդլայնել աջակցման ծրագրերը բիզնեսին, որն ամենաշատն է տուժել ընթացիկ իրադարձությունների պատճառով։ Մասնավորապես խոսքը նախնական փուլում 0% տոկոսադրույքով վարկերի տրամադրման, զբոսաշրջային օպերատորների համար դրամային քաղաքականության փոփոխման (տոմսերի սակագին, շրջանառության հարկ և այլն), սպասարկման ոլորտի համար աշխատանքի արտոնյալ պայմանների մասին է։

Բացի այդ, Ապրեսյանը կարևոր է համարում դուրս բերել հասարակությանը տեղեկատվական վակուումից, որում այն գտնվում է պատերազմից հետո։ Դա խանգարում է զբոսաշրջային ոլորտի զարգացմանը, քանի որ այդ ոլորտում աշխատողները չեն կարողանում կազմել միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման ու ճգնաժամից դուրս գալու ծրագրեր։

Ապրեսյանն առանցքային է համարում նաև ինստիտուցիոնալ փոփոխությունների ներդրումը, օրենսդրական ոլորտի, ինչպես նաև երկրում ներդրումային միջավայրի բարելավումը։