«Զբոսաշրջության ոլորտի ընկերությունները վարկերը մարելու խնդիր ունեն»,-Մեխակ Ապրեսյան


Զբոսաշրջության ոլորտը դեռ «քնած է». ամբողջ աշխարհում, ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների, 2020 թվականի առաջին 10 ամիսներին զբոսաշրջային այցելությունների թիվը 70%-ով նվազել է: Կրճատվել է մոտավորապես 900 միլիոն այցելություն:

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի բիզնեսները կարողացան որոշակի եկամուտներ ապահովել միայն Ամանորի նախաշեմին, սակայն դրանով ոլորտում առկա վիճակը չի բարելավվել: Այս մասին «Արմենպրեսի» մամուլի կենտրոնում այսօր՝ հունվարի 13-ին տեղի ունեցած ասուլիսին նշեց «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալների՝ նախորդ տարվա առաջին ինն ամիսներին (2020 հունվար-սեպտեմբեր) Հայաստան է ժամանել ընդհանուր առմամբ 327 735 օտարերկրյա զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 77.5%-ով պակասել է:

Կտրուկ նվազել է նաև Հայաստանից արտերկիր մեկնող զբոսաշրջիկների թիվը: Նախորդ տարվա ինն ամիսներին Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնողների թիվը կազմել է 286 227, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 78.2%-ով:

Տարեկան կանխատեսումներով, ըստ Մեխակ Ապրեսյանի, Հայաաստան այցելող օտարեկրյա զբոսաշրջիկների թիվը կրճատվել է մոտ 80%-ով:

«Որպես հանգստի հիմնական, համեմատաբար ակտիվ սեզոն երրորդ եռամսյակն է եղել: Սակայն բոլոր այն ընկերությունները, որոնք ներգրավված չեն եղել ներքին զբոսաշրջության ոլորտում, գրեթե ամբողջ տարվա ընթացքում եկամուտներ չեն ստացել: Փորձել են վաճառել ավիատոմսեր, բայց քիչ քանակությամբ: Դա չի լուծել այդ ընկերությունների գոյատևման խնդիրը: Ոմանք փորձում են «ատամներով պահել» բիզնեսը՝ հույս ունենալով, որ գոնե այս տարի ոլորտը կարող է վերականգնվել»,- նշեց Ապրեսյանը:

Ինչպես շատ ոլորտներում, զբոսաշրջության ոլորտում գործող տնտեսվարողները ևս վարկային պարտավորությունները մարելու խնդիր ունեն: Թեև կորոնավիրուսի բռնկման հետևանքով ոլորտի համար ծրագիր է մշակվել կառավարության ու բանկերի կողմից վարկերը մարելու ժամանակահատվածները վեց ամսով երակարաձգելու վերաբերյալ, սակայն այդ վեց ամիսը լրանալուց հետո ընկերությունները կրկին նույն խնդրի առաջ են կանգնած:

«Զբոսաշրջության ոլորտի ընկերությունները վարկերը մարելու խնդիր ունեն: Այդ ծրագիրը պետք է գոնե մեկ տարով ընդունվեր: Կառավարությունը պետք է այս հարցն արագ քննարկի և կրկին վարկային պարտավորությունները մարելու ժամանակահատվածները երկարաձգելու որոշումներ ընդունի՝ գոնե մինչև այս տարվա ապրիլ: Դիմել ենք, հուսանք արդյունքներ կտան»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:

«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահը շեշտում է, որ Կառավարությունը, մասնավորապես՝ Էկոնոմիկայի նախարարությունը, պետք է մասնավոր հատվածի հետ ավելի շատ հանդիպումներ ու քննարկումներ անցկացնի, որ կարողանա ավելի ճիշտ պատկերացնել ու գնահատել ոլորտի վիճակը:

«Պետք է բարելավվի նաև զբոսաշրջության վերաբերյալ վիճակագրական տեղեկատվական համակարգը: Մենք չունենք հստակ վիճակագրություն, թե այսօր քանի զբոսաշրջային օպերատոր ունենք, հստակ չէ նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտների բազան: Տվյալների բացակայությունը թույլ չի տալիս վերլուծություն կատարել՝ հասկանալու, թե 2020 թվականին նրանցից քանիսը փակվեց, քանիսը չունեցավ եկամուտներ և այլն»,- շեշտում է Ապրեսյանը:

Նա համոզված է՝ եթե զբոսաշրջության ոլորտին ուղղվող ռեսուրսներն ընդլայնվեն, ոլորտը կկարողանա աստիճանաբար ոտքի կանգնել: Դա էլ իր հերթին կնպաստի տնտեսական աճին: Հարկավոր է 2021-2024թթ. զարգացման հայեցակարգ մշակել ու հաստատել՝ որպես թիրախային նպատակ նախանշելով այն, որ մինչև 2024 թվականը առնվազն կրկնապատկվի Հայաստան եկող օտարկերյա զբոսաշրջիկների թիվը: Այդ իմաստով նաև պետք է զբոսաշրջության մարքեթինգի խթանման համար նախատեսված բյուջեն բազմապատկել:

«2019 թվականի տվյալներով՝ Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 1.9 միլիոն: Դա նշանակում է, որ նվազագույն հաշվարկներով մոտ 1.5 մլրդ դոլարի եկամուտ է ապահովվել միայն ներգնա զբոսաշրջության հաշվին: Նորից կոպիտ հաշվարկով՝ դա նշանակում է, որ մոտ 300 միլիոն դոլար հարկեր են վճարվել պետական բյուջե: Չե՞նք կարող դրա գոնե 1%-ը հատկացնել զբոսաշրջության մարքեթինգին: Հավատացնում եմ, եթե այդպիսի բան անենք, դրա արդյունքը շատ շուտ կտեսնենք»,- համոզված է «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը: