Հայկական խոհանոցը հնագույններից մեկն է Ասիայում և ամենահինն է Անդրկովկասում: Սա հաստատում են հնէաբանները, պնդելով, որ հայերը դեռ 2500 տարի առաջ արդեն պատկերացումներ ունեին խմորման և հացաթխման մասին:
Հայկական խոհանոցն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են տարբեր` պատմական, աշխարհագրական, կլիմայական, նույնիսկ պատմա-քաղաքական գործոններով և մեր կացութաձևով։ Եվ հենց կլիմայի և բնաշխարհի ինքնատիպության հետ կապված, բնորոշ է սուր, նրբահամ համեմունքների, առատ աղի, բազմատեսակ կանաչիների, հատիկաընդեղենի, բուսական, կենդանական ծագմամբ յուղերի և ալյուրի կիրառումը:
Գոյություն ունեցող 11 բնակլիմայական պայմաններից 7-ն առկա են Հայաստանում, հետևաբար գոյություն ունեն նույն մթերքների յոթ տարբեր համեր և պատրաստման յոթ տարբեր եղանակներ և տեխնոլոգիաներ:


Գոյություն ունեն էնդեմիկ բույսեր, որոնք ներառված են ազգային խոհանոցի համակարգում: Հայը իրականում ճանաչում է շուրջ 300 անուն վայրի ուտելի բույսեր, որոնք նույնպես ներառված են մեր սննդի համակարգում:
Ազգային խոհանոցները շարունակական զարգացում են ունենում միշտ, և մեր խոհանոցը բացառություն չէ: Հայ խոհարարներն այսօր էլ, օգտագործելով մեր բնակլիմայական պայմաններին բնորոշ մթերքները և տեխնոլոգիաները, զարգացնում են մեր ազգային խոհանոցը: Այն մակարդակը, որում մենք հիմա գտնվում ենք, դեռևս ավարտուն չէ: Մենք ընթանում ենք համաշխարհային խոհարարական զարգացման ուղով և աշխատում ենք ետ չմնալ նոր տենդեցներից, և, հետևաբար, կարող ենք նշել, որ զարգացման տեմպերով չենք զիջում որևէ ազգային խոհանոցի:
Վերջին տասնամյակում խոհարարության նկատմամբ վերաբերմունքը փոխվել է նաև հասարակության մեջ, բարձրացել է մեր երկիր այցելող զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեր ազգային խոհանոցի նկատմամբ: Այս գործընթացը շարունակական է լինելու և, պետք է աշխատել աշխարհում գործող բարձրակարգ խոհանոցներից ետ չմնալով, հպարտորեն զբաղեցնել համաշխարհային խոհանոցի՝ մեզ հատկացված տեղը:
Մեր ազգային խոհանոցի վրա մեծ ազդեցություն են թողել նաև մեր հավատալիքները: Տոնածիսական կերակրատեսակների համակարգը, որոնք մոտավորապես 70 և ավելի կերակրատեսակներ են և փոխանցվել են մեզ մեր մեծերից, զարդարում են մեր սեղանները բոլոր տոներին՝ լինի եկեղեցական տոն, թե՝ ժողովրդական:
Բացի մեր կացութաձևից, խոհանոցի վրա մեծ ազդեցություն է թողել նաև մեր հզոր մշակույթը, որը նույնպես կապված է բնակլիմայական պայմանների հետ: Մեր տարածաշրջանում բոլոր չորս եղանակներն առկա են՝ իրենց բնորոշ բոլոր դրսևորումներով:
Ուսումնասիրելով սննդի համակարգում գոյություն ունեցող մթերքների ասպեկտը և պատրաստման տեխնոլոգիաները, հանգում ենք նրան, որ մեր ազգային խոհանոցը գիտական հիմքերի վրա դրված խոհանոց է: Ընդհանուր եթե խոսենք ազգային խոհանոցի ծագումնաբանության և նրա զարգացման փուլերի մասին, ապա պետք է նշենք, որ ազգային խոհանոցի հիմքում ընկած են հացահատիկավորներից պատրաստվող կերակրատեսակները, հետագայում, իհարկե, ներառվել են նաև և՛ կաթնամթերքը, և՛ մսամթերքը, և՛ բանջարեղենը:
